ԵԱՏՄ տնտեսության զարգացման գործում մեծ դեր պետք է խաղան մասշտաբային նախագծերը, որոնց հիմքում ընկած է կոմերցիոն շահը։ Այս մասին այսօր հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ «Նոր մարտահրավերներ և հնարավորություններ բիզնես-գործընկերության համար՝ ԵԱՏՄ-ում» 3-րդ ռուս-ղրղզական գործարար համաժողովում:
Միջոցառումը տեղի է ունեցել Չոլպոն-Աթայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախաշեմին: ԵՏՀ-ն առաջարկել է մշակել մոտիվացիայի նոր գործիքներ եվրասիական համատեղ ընկերությունների ստեղծման համար: Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության տնտեսության մեջ դրական դինամիկա կա: Առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են 4.4%-ով, իսկ վերամշակող արդյունաբերությունում՝ 6.5% -ով։
Ավելի քան 9%-ով ավելացել է Միության սպառողական պահանջարկը, գործազուրկների թիվը կրճատվել է երկու անգամ։ Ապրանքների փոխադարձ առևտուրը 31,9% աճ է գրանցել։ Արձանագրվել է միության պետությունների միջև կոոպերացիոն մատակարարումների ծավալների 25 տոկոս աճ: 2021 թվականի առաջին կիսամյակում արտաքին առևտուրն աճել է 24,5 տոկոսով, սակայն, ըստ կոլեգիայի նախագահի, դա բավարար չէ։