Հայաստանի գործող իշխանություններին երեկ առավել քան սպառիչ գնահատական է տվել Արժույթի միջազգային հիմնադրամը: Այս մասին գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը։
«Օգոստոսի 23-ին ուժի մեջ է մտել Հիմնադրամի անդամ-երկրների միջև SDR (Special Drawing Rights, Հատուկ ներգրավման իրավունքներ) նոր, իր ծավալով աննախադեպ բաշխումը՝ 456 միլիարդ SDR-ի չափով (650 միլիարդ դոլար): Միջոցների հատկացման նպատակն է օգնել երկրներին դուրս գալ համաճարակով պայմանավորված ճգնաժամից: Հատկանշական է, որ ԱՊՀ երկրներից ամենացածր SDR-ը հատկացվել է Հայաստանին՝ ընդամենը 175 մլն դոլար: Նշենք, որ Ադրբեջանին հատկացվել է շուրջ 531 մլն դոլար:
Այս փաստը հատկապես մեծ կարևորություն է ձեռք բերում՝ հաշվի առնելով այն, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող բաշխման մեթոդաբանության հիմքում ընկած են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական չափորոշիչներ: Առաջինների շարքին են դասվում երկրի ՀՆԱ-ն, միջազգային պահուստներն ու վճարային հաշվեկշիռը: Հետևաբար, հիմնադրամի որոշումը ի ցույց է դնում Հայաստանի իշխանությունների կողմից թմբկահարվող տնտեսական երկնիշ աճի ու տնտեսական դինամիկ զարգացման մերկապարանոց լինելը: Քաղաքական չափորոշիչներից են պետության ինստիտուցիոնալ զարգացման աստիճանն ու իշխանությունների լեգիտիմությունը:
Սա է, թերևս, պատճառը, որ, օրինակ, Աֆղանստանը, Մյանման ու Վենեսուելան դուրս մնացին շահառու երկրների շարքից: Ակնհայտ է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ընթացող ապաինստիտուցիոնալիզացումը, պետական կառավարման համակարգի պարալիզացումը չէր կարող այլ արդյունքի բերել: Դե իսկ ֆորմալ առումով ապահովված լեգիտիմության ներքին տրամաբանությունը վաղուց ընկալվել է բոլորի կողմից»,- գրել է քաղաքագետը: