Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մտահոգիչ է համարում Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակը:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ Իրանից եկող բեռնատար մեքենաները Երևան հասնելու խնդիր ունեն, տեղ են հասնում շրջանցիկ ճանապարհով։
«Ճանապրհը հարմարեցված չէ բեռնատար մեքենաների համար, բայց այդ ճանապարհը գործում է, և բեռնատար մեքենաները անցնում են: Շատ ենք մտահոգված այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ճանապարհը բացվի»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծեց՝ անտրամաբանական է, որ բոլորը նետվեն ինչ-որ հարցի լուծման համար, որով զբաղվում են պրոֆեսիոնալ պատասխանատուները:
Վահան Քերոբյանի կարծիքով՝ հարցը շուտով լուծում կստանա։
Նրա խոսքով՝ Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով շրջափակման մեջ հայտնված համայնքների բնակիչներին պարեն են հասցնում ռուս սահմանապահները։
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են փակ պահել Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը։ Երեկ տեղի ունեցած բանակցությունները ապարդյուն են անցել։