Սեպտեմբերի 5-ին ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։ Այսպես, տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում Համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է համապատասխանաբար 1 242 214.1 մլն դրամ և 1 481 771.9 մլն դրամ։ Մեկ շնչի հաշվով Համախառն ներքին արդյունքը շուկայական գներով 2019 թվականների առաջին և երկրորդ եռամսյակներով կազմել է համապատասխանաբար 419 143 դրամ և 500 294 դրամ։
ՀՀ համախառն ներքին արդյունքի իրական ծավալի ինդեքսները նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ տարվա առաջին երկու եռամսյակների ընթացքում կազմել են համապատասխանաբար 7,2% և 6,5%։ ՀՆԱ-ի հավելաճին նպաստման չափը նշված ժամանակահատվածում կազմել է 7,19 և 6,48 (տոկոսային կետ)։
Նշենք նաև, որ տարվա առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, ՀՆԱ-ի իրական ծավալի ինդեքսը նվազել է 36,4%-ով, իսկ երկրորդ եռամսյակի համապատասխան ցուցանիշն աճել է 20,6%-ով։