Հայկական ԱԷԿ օգտագործած միջուկային վառելիքը Ռուսաստան տանելու հարցը քաղաքական հարթությունում է, քանի որ միակ երկաթգծի ճանապարհը Աբխազիայով է անցնում, այդ որոշումը կարող է խնդիրներ ստեղծել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։
Աշոտ Մարտիրոսյանը նշել է, որ օգտագործված միջուկային վառելիքի դուրսկրումը հնարավոր է կազմակերպել միայն երկաթուղով, իսկ Ադրբեջանի տարածքով դա անհնար է անել։
«Վրաստանի տարածքով միջուկային վառելիքն արտահանելու որոշումը կարող է խնդիրներ ստեղծել՝ հաշվի առնելով աբխազական հարցը։ Քանի դեռ խնդիրը քաղաքական մակարդակով չի լուծվել, հարցի տեխնիկական կողմի մասին խոսելն անիմաստ է»,- ասել է Աշոտ Մարտիրոսյանը։
Ըստ Աշոտ Կարապետյանի՝ Հայաստանի իշխանությունները մտադիր են էլ ավելի բարձրացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը, չնայած միջազգային փորձագետների գնահատմամբ՝ անվտանգությունը բարձր մակարդակի է:
«Մեծամորի ատոմակայանը շահագործման է հանձնվել 1970-ական թվականներին և առաջին սերնդի կայան է, ուստի անգամ ամենալուրջ ներդրումները չեն կարող անվտանգության մակարդակը հասցնել նրան, ինչը կա նոր ԱԷԿ-ներում, բայց իր սերնդի համար ՀԱԷԿ-ը գտնվում է բավարար վիճակում»,-եզրափակել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարը։