Հայաստանում պարենային ապրանքների թանկացումը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պայմանավորում է աշխարհում գների բարձրացմամբ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա պարզաբանեց, որ այս դեպքում իր ղեկավարած կառույցը կարող է միայն միջամտել, երբ շուկայում առկա գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունն առանց հիմնավորման գները բարձրացնում կամ իջեցնում է։
«Շուկան ինքն է որոշում գինը, ընդ որում՝ պարենի համաշխարհային գները ևս բարձրացել են։ Թանկացել են նաև բեռնափոխադրումները։ Թանկացումներ են արձանագրվել նաև բենզինի և նավթամթերքի շուկայում»,- նշեց նա։
Գյուղմթերքի՝ մասնավորապես լոլիկի թանկացման հարցը Գեղամ Գևորգյանը չի մեկնաբանում։ Նա հստակեցնում է, որ ՏՄՊՊՀ-ն բանջարեղենի գնի շուկայի ուսումնասիրություններով չի զբաղվում։ Հիմա դիտարկումներ են իրականացնում ձեթի ապրանքախմբում։ Նրա խոսքով՝ ուսումնասիրվում են նաև բենզինի շուկայում արձանագրված թանկացումների պատճառները։
Հանձնաժողովի նախագահը նաև հավելեց, որ երկու ամսվա ընթացքում կգործարկվի նոր հարթակ, որտեղ օնլայն ռեժիմով հնարավոր կլինի հետևել այն շուկաների գների բարձրացումը, որը մոնիթորինգի է ենթարկում ՏՄՊՊՀ-ն, հասանելի կլինեն նաև դրանց պատճառները։
Մանրամասները՝ տեսանյութում։