Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուր կատարած պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 8-ի առավոտյան հանդիպում է ունեցել Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է քննարկելու Temasek Holdings հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները` հաշվի առնելով վերջինիս արդյունավետ գործունեությունը, տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
«Տեխնոլոգիական բնագավառը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է, քանի որ մեր երկրի նպատակն է կառուցել տեխնոլոգիական տնտեսություն, որի լոկոմոտիվը կլինի ՏՏ ոլորտը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Ներդրումային խմբի համաղեկավար Նագի Համիյեն նշել է, որ Սինգապուրում առկա է փոքրաթիվ, սակայն կազմակերպված սփյուռք, որի ներկայացուցիչները հաջող գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում` տեխնոլոգիական:
Ներդրումային խմբի համաղեկավարը հավելել է, որ Temasek հոլդինգը պատրաստ է Հայաստանի կառավարության հետ քննարկել համագործակցության, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում ինժեներական կրթության ոլորտում:
Նիկոլ Փաշինյանը հիմնադրամի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական հնարավորություններին, ընկերությունների գործունեությանը և այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: