Քննարկման մասնակիցներն անդրադարձել են կազմակերպության առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, որոնց հաղթահարմանը պետք է ուղղված լինի Միության երկրների համատեղ աշխատանքը:
Իր ելույթում ԵԱՏՄ Կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն առանձնացրել է կազմակերպության առանցքային հիմնախնդիրները, որոնց վրա պետք է կենտրոնացնել կազմակերպության հիմնական աշխատանքը։ Այդ հիմնախնդիրներն են՝
1. Պետք է ներդրվեն որոշումների ընդունման արդյունավետության բարձրացման մեխանիզմներ։ Դրանք կապված են բյուրոկրատական ընթացակարգերի նվազեցման և Միության վերազգային մարմնին լիազորությունների հատկացման հետ։
Տիգրան Սարգսյանի կարծիքով, եթե կազմակերպության ստեղծման սկզբնական փուլում երկրները զգուշությամբ էին վերաբերվում վերազգային մարմիններին և կիրառվում էին որոշումների ընդունման առավելագույն վերահսկողության և վետոյի մեխանիզմներ, ապա Միության ստեղծումից 5 տարի անց անհրաժեշտ է վստահել այն հանձնաժողովներին, որոնք ընդհանուր որոշումներ են ընդունում:
2. Ոչ լիարժեք ինտեգրացիան խոչընդոտ է հանդիսանում ընդհանուր շուկաների ձևավորման ճանապարհին, և առկա սահմանափակումների պատճառով՝ զգալի վնաս է հասցնում բիզնեսին։
3. Հաջորդը Միության անդամ երկրների կողմից տեղական արտադրողների պաշտպանության խնդիրն է։ Ըստ Տիգրան Սարգսյանի՝ երկրները դեռ պատրաստ չեն ազատ մրցակցության։ Այն դեպքում, երբ ազգային ձեռնարկությունները պատրաստ չեն ազատ մրցակցության, պարզ է դառնում նաև, որ չեն կարող դիմակայել այդ մրցակցությանը։ Ուստի, նրանք պետք է լքեն այդ դաշտը։
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ ոչ մրցունակ ձեռնարկությունները պետք է դուրս գան շուկայից և նրանց պետք է փոխարինեն առավել մրցունակ ձեռնարկությունները։ Ոչ մրցունակ կազմակերպություններին աջակցել լուրջ մարտահրավեր է պետությունների համար։
Երբ ազգային կառավարությունները միջոցներ են ձեռնարկում նման արտադրողներին օգնելու համար, այնուհետև պետական մակարդակով սահմանափակումներ են մտցնում, վերազգային մարմինը դատախազի գործառույթներ է ստանձնում։
4․ Հաջորդ խնդիրը վերաբերում է ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանը։ Չնայած այն հանգամանքին, որ «Սպիտակ գիրք»-ում առանձնացվել է Միության ներքին շուկային առնչվող 60 խոչընդոտ, դեռևս 15 ոլորտներում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիր կա։
Անդրադառնալով թվային տնտեսությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ տնտեսության կառուցվածքի, մրցակցության տրամաբանության և բիզնեսի կառուցման ճանապարհին թվային տեխնոլոգիաները փոխում են ամեն ինչ։
Միության անդամ պետությունները թվային նոր էկոհամակարգի կառուցման ճանապարհին են։ Սա թույլ կտա միության անդամ պետություններին ձևավորել ազգային նոր ինքնիշխանություն։