Մեկ շաբաթ առաջ՝ հանդիպել եմ Պռոշյանի գործարանի տնօրենի և խաղողագործների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ խաղողի մթերման հետ կապված հարցին։
Փոխվարչապետն արձանագրեց, որ միակ խնդիրը խաղողի գնի մթերման շուրջ է։ Պապիկյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել մի շարք խոշոր մթերող ընկերությունների ղեկավարների հետ և արդեն պայմանավորվածություն կա։
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել և սահմանել, որ տեխնիկական սորտի խաղողի կիլոգրամը մթերվի 130 դրամով։ Սա մեր մեր ընդհանուր հայտարարի եկած գինն է։ Դրանից զատ, կառավարության որոշմամբ սուբսիդավորված վարկային միջոցների շեմը սահմանվել է մինչև 4 մլն։ Այսինքն՝ ամեն ինչ արվել է, որպեսզի խաղող մթերող ընկերությունները կարողանան մթերումներ կատարել»,- մանրամասնեց Սուրեն Պապիկյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր դարձյալ Արարատի մարզի մի շարք բնակիչները կարճ ժամանակով փակել են ճանապարհը՝ բողոքելով մթերումների գնից։
Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր համայնքների խաղողագործները պարբերաբար ճանապարհ են փակել՝ բողոքելով խաղողի մթերման գներից։ Այս տարի վերամշակող ընկերությունները նվազեցրել են խաղողի մթերման գինը և մեկ կիլոգրամ խաղողի դիմաց առաջարկում են 100-110 դրամ, ինչն, ըստ գյուղացիների, չնչին գին է։