ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ վավերացրեց Հայաստանի և Մալթայի և Հայաստանի և Սինգապուրի կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը:
Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ համաձայնագիրը անհրաժեշտ է վավերացնել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Նախագծի ընդունման արդյունքում կվավերացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագիրը:
Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է նմանօրինակ համաձայնագրերի կնքման միջոցով Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժի, ինչպես նաև տնտեսական կապերի զարգացմանը և խորացմանը: