Կառավարությունը մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով Գորիս- Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակին։
«Դուք գիտեք, որ մենք ունենք նաև շրջանցիկ ճանապարհը լավը չէ, բայց որը աշխատող ճանապարհ է, և վատագույն դեպքում մենք, այսպես ասած, «Պլան Բ»-ն ունենք: Մենք հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի այդ ճանապարհն անցնելու համար դառնա ավելի հարմար: Ինչպես նաև գիտեք, որ «Հյուսիս-Հարավ»-ի Քաջարան-Սիսիան հատվածի առումով արդեն շատ մոտ ենք գործնական, խոշոր քայլեր անելուն»,- հայտնեց Քերոբյանը։
Միաժամանակ Էկոնոմիկայի նախարարի համոզմամբ՝ միջպետական ճանապարհին Ադրբեջանի առաջացրած խնդիրների պատճառով Իրանը կդադարեցնի բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով։ Համոզված է՝ մեծ խնդիր չկա, իսկ խոչընդոտները շուտով կհաղթահարվեն։
Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ հաղորդագրության, սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։