ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն սեպտեմբերի 17֊ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել նախարարության կողմից իրականացվող հիմնական ծրագրերի և գործառույթների շրջանակը, որոնք ընդգրկում են թվայնացման, էկոհամակարգի ստեղծման, կրթական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Գնահատելով Մեծ Բրիտանիայի նվաճումները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ նախարարը կարևորել է փորձի փոխանակման և խորհրդատվական աջակցության տրամադրման հնարավորությունները, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանի համար:
Արտադրական ձեռնարկությունների վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված նախարարը դեսպանին առաջարկել է դիտարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը: Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ՝ դեսպանը նշել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դերը շատ կարևոր է երկրի զարգացման համար, նախարարությունը բավական հավակնոտ ծրագրեր է նախանշել, որոնց ներուժն առկա է երկրում: Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում զարգացումներ արձանագրող այնպիսի երկրի հետ, ինչպիսին Հայաստանն է, դեսպան Ջոն Գալլագերը բազմաթիվ փոխգործակցության հնարավորություններ է տեսնում: Ոլորտի զարգացման համատեքստում նախարարը կարևորել է մասնավոր ընկերությունների դերը։ Նախարարությունը շարունակական աջակցություն է տրամադրում ոլորտային հաջողած մի շարք ընկերությունների թե՛ ֆինանսական, թե՛ արտադրության հզորացման և թե՛ արտահանման առումներով։
Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես՝ կրթական, նորարական, ներդրումային, շուկայի զարգացմանը միտված ծրագրերին: