Մատուցված ծառայությունների ոլորտում օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.1% հավելաճ:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:
2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների սակագների` 0.1%, տրանսպորտային ծառայությունների`0.3% (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0.4% հավելաճով), սպասարկման ծառայությունների՝ 0.7%, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների 2.5% հավելաճ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ բժշկական ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0.2%-ով, հյուրանոցային ծառայություններինը՝ 0.4%-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման, կենցաղային սարքերի նորոգման, կապի, կրթության, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: