Հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ հավաքել, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության միջոցով:
Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ բացելով «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» քննարկումը, որն անցկացվում է Երևանում «Armenian Business Forum 2021»-ի շրջանակներում։
Հայաստանը, ըստ փոխվարչապետի, ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և համագործակցության կայուն աճի տեմպեր է ցույց տալիս:
«Ավելին, արդեն ակնհայտ է, որ մեծ մասամբ եվրասիական ինտեգրացիոն ծրագրի հիման վրա մեզ հաջողվեց զգալիորեն թուլացնել համաճարակի կործանարար տնտեսական և սոցիալական հետևանքները»,- ասաց Գրիգորյանը:
«ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը մնում է Հայաստանի տնտեսության վերականգնման հիմնական գրավականներից մեկը և դառնում է մեր երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա ազդող կարևոր դրական գործոն»,- ասաց փոխվարչապետը:
Նա նշել է, որ 2019 թվականին առաջին անգամ երկու երկրների միջև առևտուրը գերազանցել է 2 միլիարդ դոլարի մակարդակը: 2020-ին համաճարակային սահմանափակումների ֆոնին միայն մի փոքր անկում է գրանցվել:
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա աճն արդեն ակնհայտ է. առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 1,9 մլրդ դոլար (աճը` 16%), ներմուծման աճը` 9%, իսկ արտահանումը` 36%, ասաց Մհեր Գրիգորյանը` հավելելով, որ ակնհայտ են հեռանկարների` առաջին հերթին ոչ հումքի ծավալների ավելացման հեռանկարները:
Այս ամենը վկայում է այն մասին, որ ռացիոնալ և ժամանակին կլիներ ակտիվացնել արդյունաբերական կոոպերացիաների և համատեղ կորպորացիաների ու արդյունաբերությունների զարգացումը, համատեղ նորարարական ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն կտան մրցունակ լինել արտաքին գործընկերների նկատմամբ: Մենք նաև պետք է կառուցենք կազմակերպչական և լոգիստիկ շղթաներ, ստեղծենք արտահանման աջակցության կենտրոններ»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը հայ-ռուսական համագործակցության շրջանակներում նշանակալի զարգացում է նկատել նաև տրանսպորտի, էներգետիկայի, թվայնացման և առողջապահության ոլորտներում:
Փոխվարչապետը, մասնավորապես, նշել է, որ մոտ ապագայում Հարավկովկասյան երկաթուղու հետ նախատեսվում է վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգիստ-Կովկաս նավահանգիստ, ինչը կբարձրացնի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը:
Անդրադառնալով էներգետիկ ոլորտին՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համագործակցության շրջանակում ծառայության ժամկետի երկարացման ծրագիրը, ներառյալ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումը և վերակառուցումը, գտնվում է վերջնական փուլում:
«Ցանկանում եմ նշել, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերը ոչ միայն կհամաձայնեցնեն Միության գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագների սահմանման մոտեցումները, այլև գազի փոխադրման սակագները կսահմանեն թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա»,- ասաց փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանը նշել է արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության զարգացման կարևորությունը համատեղ ծրագրերի արդյունավետությանը հասնելու համար, հատկապես նորարարական, տեխնոլոգիական հարթակների մշակման համար:
Գրիգորյանը համագործակցության ամենակարևոր հատված է անվանել զբոսաշրջության ոլորտը` նշելով այս ոլորտում ևս համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Ամփոփելով՝ Մհեր Գրիգորյանը հույս հայտնեց, որ ռուսական պատվիրակության ներկայիս առաքելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջև ռազմավարական տնտեսական համագործակցության զարգացման համար և հետագայում նման իրադարձությունների կազմակերպման ելակետ կդառնա: