Ռուսաստանը կարող է Հայաստանին առաջարկել արդյունավետ լուծումներ տրանսպորտի, էներգետիկ և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև Հայաստանում և ընդհանրապես Անդրկովկասում խոստումնալից ներդրումային ծրագրերի իրականացման համար: Այս մասին սեպտեմբերի 20-ին Երևանում Armenian Business Forum 2021-ի շրջանակում «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր», կլոր սեղանի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մեր պետությունների ղեկավարները մեզ անընդհատ հորդորում են դա անել: Մենք ակնկալում ենք, որ այսօրվա միջոցառման արդյունքում կունենանք նոր համատեղ նախագծեր, որոնք հնարավորություն կտան լուրջ քայլ կատարել մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:
Նա նշել է, որ ռուսական կողմը համաժողովին կներկայացնի տրանսպորտի, շինարարության, մեքենաշինության, մետաղագործության, էներգետիկայի ոլորտների, ինչպես նաև տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների հետ կապված նախագծերն ու արտադրանքը: Ֆորումի ընթացքում ռուսաստանյան ընկերություններն իրենց հայ գործընկերներին կծանոթացնեն բնակավայրերի նախագծման և շինարարության, ինչպես նաև երկաթգծերի կառուցման և արդիականացման փորձի հետ, նշել է ՌԴ փոխվարչապետը:
Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի գործարար համայնքներին հորդորել է դիտարկել համագործակցության բացվող հնարավորությունները ոչ միայն ավանդական ոլորտներում`մեքենաշինության, տրանսպորտի, վառելիքաէներգետիկ համալիրի, այլև ենթակառուցվածքային նախագծերի, թվային տեխնոլոգիաների զարգացման գործում, որտեղ, ըստ նրա, արդեն լուրջ զարգացումներ կան։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը վստահեցրել է, որ իր հայ գործընկեր Մհեր Գրիգորյանի հետ կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ բոլոր այդ նախագծերի իրականացման համար հարմարավետ պայմաններ ստեղծելու: