Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը մտադիր է առաջիկայում ակտիվացնել Հայաստանի հետ համագործակցությունը հանրապետության համար կարևոր ռազմավարական ոլորտներում: Այս մասին սեպտեմբերի 20-ին հայ-ռուսական գործարար համաժողովի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Պրիմակը` պատասխանելով Armenia Today-ի հարցին:
Նրա խոսքով` Հայաստանի հետ համագործակցությունն իրականացվում է մի շարք ոլորտներում, առաջին հերթին` ներդրումային: Համագործակցության ամենակարևոր ոլորտներից է հայ բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Երկկողմ համագործակցության շրջանակներում hիմնադրամն արդեն հասցրել է հանրապետությանը ռուսական պատվաստանյութերի ավելի քան 200 հազար դեղաչափ տրամադրել:
Ավելին, Sputnik Light պատվաստանյութի շշալցումը Հայաստանում արդեն սկսվել է. առաջին խմբաքանակը շշալցվել էր նախորդ օրը: Այն ուղարկվում է Գամալեա կենտրոն` որակի վերահսկման համար, որից հետո այն կանցնի կայունության փորձարկում և միայն դրանից հետո այն հասանելի կդառնա բնակչությանը:
«Սա արդեն մեծ ձեռքբերում և օգնություն է կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասաց Պրիմակը: Իր հերթին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երախտագիտություն հայտնելով РФПИ-ին աջակցության համար, ասաց, որ պատվաստանյութը Հայաստանում արտադրվում է «Լիկվոր» դեղագործական ընկերությունում, ինչը երկու պետությունների հաջող համագործակցության լավ օրինակ է:
«Այսօր Հայաստանը անդամակցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող երկրների մի փոքրիկ ակումբի»,- ասաց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ռուս գործընկերներին տեխնոլոգիական փոխանցման համար: