Ռուսաստանի հայկական բիզնեսն ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ կանգնած է մնում Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության կողքին։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Armenian Business Forum 2021-ի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ։
Նա նշեց, որ մենք իսկապես շատ դաժան փորձության միջով ենք անցել և անցնում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ կարևոր էր գտնել մի քանի կարևոր հարցերի պատասխաններ, որի համար էլ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանք պետք է պատասխան տային մի կարևոր հարցի, թե ինչպես շարունակել կյանքը և դեպի ուր շարժվել։
«Ընտրությունների արդյունքներն արտահայտում էին ՀՀ քաղաքացիների կամքը՝ շարժվել հետևյալ ուղղությամբ․․․ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ։ Եվ հատկապես այսպիսի մանդատ է ստացել մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից»,- ասաց Փաշինյանը՝ հարցնելով, թե հնարավո՞ր է արդյոք այսպիսի սցենար։
«Պիտի հասկանալ բոլոր հոռետեսներին, որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադաձություններ, որոնց վրա հենվելով կարելի է նաև եզրակացնել(և կան ուժեր, որոնք ուզում են ի ցույց դնել), որ մեր տարածաշրջանում հասնել խաղաղ զարգացմանը հնարավոր չէ։ Այս ճանապարհին մեզ հարկավոր է սառնասրտություն, շրջահայացություն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը կարևորեց տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որոնք ձեռք են բերվել եռակողմ հայտարարությունների համատեքստում։ Նա նշեց, որ անհրաժեշտ է փոխել 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է Հայաստանում էականորեն փոխել միջավայրը, տնտեսական կառուցվածքը։
«Խաղաղ կարգավորման վերականգնման գործում բարձր ենք գնահատում Ռուսաստանի աջակցությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ՌԴ շահագրգիռ և կառուցողական մոտեցումը չափազանց կարևոր է այս խնդիրների լուծման համար։