Հայաստանը շատ լուրջ նախադրյալներ ունի հանքարդյունաբերության ոլորտում հաջողություններն ավելացնելու համար։
Այս մասին Հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է GeoProMining ընկերության համասեփականատեր, գործարար Ռոման Տրոցենկոն։ «Նախևառաջ դա ինժեներական դպրոց է, պատրաստված կադրեր, պաշարների առկայություն», – ընդգծել է գործարարը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի էական խնդիրներից մեկը դեռևս խորհրդային տարիներից հանքաարդյունաբերության համալիր չլինելն էր, այսինքն՝ հանրապետությունում արտադրվում էր խտանյութ, որը նրա սահմաններից դուրս գնում էր հարստացուցիչ ֆաբրիկաներ:
Տրոցենկոն նշել է, որ երկրում այդպես էլ չեն կառուցվել մետաղացված պղինձ ստանալու հզորություններ։ «Մենք՝ որպես ընկերություն, մեր առջև խնդիր ենք դնում առաջարկել և իրականացնել այնպիսի խոշոր նախագիծ Հայաստանի տարածքում, որը թույլ կտա երկարեցնել ավելացված արժեքի շղթան, լուծել լոգիստիկ խնդիրը», – հայտարարել է գործարարը:
Նա նշել է, որ նախագծի իրականացումը թույլ կտա նոր նախադրյալներ ստանալ Հայաստանում այնպիսի ոլորտների զարգացման համար, ինչպիսիք են էլեկտրատեխնիկան, էլեկտրոնիկան, էլեկտրոտեխնիկայի և այլ ապրանքների արտադրության համար, որոնք սպառում են պղինձ, մոլիբդեն և պղնձե համաձուլվածքներ:
Հիշեցնենք, որ Armenian Business Forum 2021-ի շրջանակում Երևանում սեպտեմբերի 20-ին կայացել է Հայ-ռուսական գործարար համաժողովը: