Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անցկացնող Արմավիրի մարզի խաղողագործները փորձել են հանդիպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որի գործարանը դադարեցրել է խաղողի մթերում իրականացնել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Արմավիրի մարզի Շենավան համայնքի բնակիչ Կարեն Հովհաննիսյանը։
Խաղողագործներին, սակայն, չի հաջողվել հանդիպել Գագիկ Ծառուկյանին։
«Գնացել ենք Գագիկ Ծառուկյանի առանձնատուն՝ը խնդրելու, որ նրան պատկանող գործարանը խաղող մթերի։ Գագիկ Ծառուկյանը զբաղված էր, և հանդիպում տեղի չունեցավ։ Փոխանցեցին, որ Ծառուկյանը խնդրին տեղյակ է և հարցին լուծում կտա»,- ասաց խաղողագործը։
Նշենք, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Արմավիրի մարզի խաղողագործները։ Նրանք կառավարությունից պահանջում էին քայլեր ձեռնարկել, որպեսզի «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը խաղողի մթերում իրականացնի։
Բողոքի ակցիա իրականացնող խաղողագործներին է հանդիպել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանին խնդրել են, որպեսզի նրան պատկանող գործարանը խաղող մթերի, բայց մերժել է։
Հավելենք, որ մի քանի խաղողագործներ հանդիպել են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ներիկայացուցիչներին։ Գյուղացիներին հավաստիացրել են, որ երկու օրվա ընթացքում խնդիրը կլուծվի․ մյուս գործարանատերերին կխնդրեն, որ դաշտում մնացած խաղողն ընդունեն։