Կառավարության հակաճգնաժամային սոցիալական ծրագրերի պայմանները այնքան են բարդացված, որ դրանց թիրախայնությունը նման է դեզի մեջ ասեղ ման գալուն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա՝ պրոցեդուրաների պատճառով հազարավոր կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել սոցիալական ծրագրերից։
Ինչ վերաբերում է պետբյուջեին և այն վերանայելու կառավարության նախաձեռնությանը, ապա ըստ Մարուքյանի, դա փաթեթ է, որ մինչև տարեվերջ, որքան շարժ անի կառավարությունը, այլևս չի գալու ԱԺ, խորհրդարանը սրա հետ համաձա՞յն է, թե՞ ոչ, սրա մասին է փաթեթը:
«Խորհրդարանը թո՞ւյլ է տալիս, որ կառավարությունը բյուջեի փաթեթի մեջ որքան ուզի, ոնց ուզի շարժեր կատարի և սովորական պայմաններում պետք է միշտ գա խորհրդարան, հիմա ասում է մինչև տարեվերջ չեմ գալու: Դուք առաջարկում եք խորհրդարանն ինքն իրեն զրկի կարծիք հայտնելու հնարավորությունից»,-պարզաբանեց պատգամավորը:
Նշենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Կառավարության ներկայացրած «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը, ըստ որի՝ հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը, նախատեսվում է ունենալ 2 տոկոս անկում, ինչպես նաև համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: