Ես այդպիսի տվյալ չունեմ, որ Հայաստանում կա 550 հազար չգրանցված աշխատող։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Վահե Էնֆիաջյանի հարցին, թե կառավարությունը ի՞նչ աջակցության ծրագիր է իրականացրել շուրջ 550 հազար չգրանցված և մոտ 70 հազար սփյուռքահայերի համար:
Վարչապետը հայտնեց, որ բոլոր դեպքերում կառավարությունը մի քանի ծրագրով թիրախավորել է նաև չգրանցված աշխատողներին, օրինակ կոմունալ վճարների փոխհատուցման, անչափահաս երեխաներին, կամ հղիներին աջակցելու միջոցով՝ չնայած նրան, որ չգրանցված աշխատողին նույնականացնելը բարդ է։
«Մենք մեղավոր չենք, որ չգրանցված աշխատողը գրանցված է։ Կորոնավիրուսի ճգնաժամը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ կա համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի անհրաժեշտություն։ Եթե ունենայինք համընդհանուր հայտարարագրման համակարգ, կտեսնեինք, թե ովքեր են այն քաղաքացիները, որոնց եկամուտը ամսական մինչև 50 հազար է, 100 հազար է, 1 մլն և ավելի է: Եվ այդ մի գործիքի կիրառմամբ՝ հիմա ես ստիպված չէի լինի ասել՝ 20 հազար դրամ ավել գումար ենք փոխանցել, հանեք, տվեք ձեր կարիքավոր հարևանին»:
Էնֆիաջյանը նշեց, որ իր տվյալները վերցված են տարբեր պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես կա նաև 30 հազար ծայրահեղ աղքատների տվյալները:
Պատգամավորը հիշեցրեց վարչապետի այն միտքը, որ աղքատության հիմնական պատճառը, աշխատանքն ու կրթությունն է և հրապարակեց մի քանի վիճակագրական տվյալներ, ըստ որոնց, Հայաստանում կրթության համար հատկացվում է ՀՆԱ-ի 2.8 տոկոսը, այն դեպքում, երբ Վրաստանում և Ռուսաստանում հատկացվում է 3.8 տոկոս, Թուքիայում՝ 4.4 տոկոս, Իրանում՝ 3.4 տոկոս և Ադրբեջանում՝ 3 տոկոս: Էնֆիաջյանը խնդրեց վարչապետին մեկնաբանել այդ ցուցանիշները:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կարող է խոսել ֆինանսավորման դինամիկայից և ընթերցեց իր հրապարակած ձեռքբերումների 100 փաստերի գրքույկը:
«2020 թվականին, կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2017 թվականի համեմատ ավելացել են 30 տոկոսով, 2018-ի համեմատ՝ 32 տոկոսով, 2019-ի համեմատ աճել են 14 տոկոսով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ»,- պատասխանեց վարչապետը և հայտարարեց, որ չի գտնվի մի երկիր, որը մեկ տարվա մեջ 30 տոկոսով ոլորտի ֆինանսավորումն ավելացրած լինի:
ԱԺ-ում կառավարության անդամներից ուղղեցին, որ երկու տարվա մեջ է ապահովվել այդ տոկոսը, որից հետո վարչապետը ճշտեց իր միտքը և նկատեց, որ այդ բարձր տոկոսը վատ օրից է, քանի որ նախկին բազան է ցածր եղել:
«Մյուս տարի 40 տոկոս կավելացնենք, եթե գործերը լավ լինի»,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը: