2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հունիսի 4-ին ավարտեց աշխատանքը. աշնանը հանձնաժողովը հաշվետվություն ներկայացնի ԱԺ-ին:
Այսօր Ազգային Ժողովում գնահատելով դրա աշխատանքը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան հայտարարեց, որ թեև աշխատանքների ընթացքը կառուցողական է եղել, վերջում իրենց գործընկերները փոխել են դիրքորոշումը, և ինքը մտահոգություններ ունի, որ փորձում են ընդդիմության ձայնը լռեցնել զեկույցը կազմելիս:
Նրա խոսքով՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձել է միայնակ կամ իշխանական մի քանի պատգամավորների հետ ամփոփել աշխատանքները և հայտարարել, թե ԼՀ-ը այլևս հետաքրքրված չէ նիստի աշխատանքներով:
«Դա բացահայտ սուտ է: Հայտնի իրադարձոթւյուններից հետո, երբ վերադարձանք մեր բնականոն աշխատանքներին, մասնակցել ենք նիստին, որտեղ քննարկել ենք Բակո Սահակյանի հետ ունենալ զրույց,դրա պլանավորման իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտակցության և առանց մեզ ներգրավելու: Սա միանշանակ կառուցողական, գործընկերային մոտեցում չէ, սա այն մենիշխանությունն է, որի մասին խոսքում էինք, և որին բոլոր ոլորտներում ձգտում են մեր գործընկերները»,-ասաց Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ Անդրանիկ Քոչարյանը հրապարակել է այն հարցերը, որ քննարկել են Բակո Սահակյանի հետ, բայց այդ քննարկմանը ընդդիմությունը չի մասնակցել:
«Հիասթափեցնելու եմ պարոն Քոչարյանին և նրանց, ովքեր դրդում են նրան այդ քայլերին, որ դա չի լինելու և ընդիիմությունը շարունակելու է ներգրավված մնալ այս կարևորագույն խնդրի բոլոր հարցերը բարձրաձայնելիս» ,-ասաց Գորգսյանը:
Հիշեցնենք` մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը, ամռան ամիսներին հանձնաժողովի անդամները կկազմեն զեկույց, որպեսզի աշնանը հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին: