Հասարակությունը իրավունք ունի իմանալու, թե ովքեր են զանգվածային լրատվամիջոցների սեփականատերերը և ինչ մասնաբաժին ունեն:
Այսօր Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Ժողովուրդն իրավունք ունի ստանալ որակյալ նորություն: Բոլորի համար պարզ է, որ ժամկետանց ապրանք ունեցող սուպերմարկետը պետք է փակվի, վատ բժշկակական ծառայություն մատուցող հիվանդանոցը, անկախ այն բանից, մասնավոր է թե պետական, պետք է որակյալ ծառայություն մատուցի, ուրեմն ինչու՞ չպետք է մտածենք, որ հասարակության քաղաքացին ունի որակյալ ինֆորմացիա ստանալու խնդիր»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ մեդիաբիզնեսը ձեռնտու բիզնես չէ, բայց նախկին օլիգարխներն իրենց գումարները դնում են մեդիա ոլորտում:
«Ուրեմն մի բան կա: Այդ ոլորտում կարելի է ստվերային ձևով մեծ գումարներ պտտել՝ հասարակությանը չտեղեկացնելով՝ ինչ գումարներ են դրանք և ինչի համար են ծախսում»,-ասաց Իգիթյանը՝ ավելացնելով, որ նման ներդրումներն արվում են իշխանությանը վարկաբեկելու համար, իսկ դրանից տուժում է երկիրը:
Ըստ նրա՝ պետք է փակել կոռուպցիայի և փողերի լվացման հնարավորությունը, ինչպես նաև կանխել մանիպուլյացիան:
Իգիթյանի խոսքով՝ դա չի նշանակում, որ ինֆորմացիան պետք է դուրեկան լինի իշխանությանը, այլ այն, որ քաղաքացին պետք է ստանա որակյալ ինֆորմացիա:
Իգիթյանը նշեց, որ Եվրոպայում ևս դրա մասին են խոսում.
«ԵԽԽՎ հայտնի պատգամավորների հետ նախաձեռնել ենք մի բանաձև, որը սրա մասին է ասում՝ «ժողովրդի իմանալու իրավունքը»,-ասաց պատգամավորը: