ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին իր ելույթում հայտարարեց, որ ժողովուրդն ուզում է ունենալ անկախ, արհեստավարժ, վստահություն վայելող, կայուն ՍԴ:
«Ի՞նչ ենք ուզում մենք: Մենք պարտավոր ենք ուզել և իրականացնել այն, ինչ ուզում է մեր հասարակությունը: Ի՞նչ է ուզում և խորհուրդ տալիս Վենետիկի հանձնաժողովը: Վենետիկի հանձնաժողովն ուզում է, որ ՀՀ-ն ունենա անկախ, արհեստավարժ, ապաքաղաքականացված և կայուն ՍԴ: Մեր ներկայացրած նախագիծը հենց այն կոմպրոմիսն է՝ այդ բոլոր ցանկությունների»,- շեշտեց Իգիթյանը:
Նա նշեց, որ հասարակությունը փորձում է տարբեր մեդիա աղբյուրներից ինֆորմացիա ստանալ և ոչ կոռեկտ մարդիկ փորձում են շփոթության մեջ գցել վերջիններիս։
«Մենք էլ ունենք ներքին ինֆորմացիա։ Ոչ կոռեկտ եմ համարում, որ նախկինում Վենետիկի հանձնաժողովի հետ կապ ունեցող պաշտոնյաններ փորձում են ինֆորմացիան վերցնել և մանիպույացիայի ձևով ինֆորմացիան տրամադրել հանրությանը։ Մենք էլ ունենք ներքին կապեր, բայց մեր հարաբերությունները Վենետիկի հանձնաժողովի հետ ինստիտուցիոնալ են, ընկերային, հանձնաժողովին համարում ենք մեր գործընկերները։ Երբեք մի նայեք Վենետիկի հանձնաժողովին՝ որպես չար վերահսկողի, այլ գործընկերոջ։ Ընդ որում ոչ բոլոր հարցերին հանձնաժողովն ունի լուծում, ամեն նոր հարց ենթադրում է նոր գործիքակազմ»,- շեշտեց Իգիթյանը:
Նա հույս հայտնեց, որ այս հարցը հաջողությամբ լուծելուց հետո Վենետիկի հանձնաժողովի համար այն կդառնա նախադեպային: