Ազգային ժողովը արտահերթ նիստին քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունները: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը անդրադարձավ փոփոխությունների վերաբերյալ մամուլում նախկին իշխանությունների կողմից շահարկվող «հակասահմանադրական» ձևակերպմանը։
Իգիթյանի խոսքով՝ դա ասում են մարդիկ, որոնք հասել են մեծ տարիքի և իրենց կյանքում առաջին անգամ են օգտագործում «հակասահմանադրական» բառը։
«Ուրախ եմ, որ ունենք այնպիսի համակարգ, որ այս մարդիկ կարող են հանգիստ «հակասահմանադրական» բառը օգտագործել»,- նշեց նա։
Որպեսզի մարդիկ չընկնեն այդ քարոզչական մեքենայի տերմինաբանության տակ, Իգիթյանը պարզաբանում ներկայացրեց։
Ըստ պատգամավորի՝ Սահմանադրությունը չի գրվել «Իմ քայլը» դաշինքի կողմից, այլ հեղինակները մտցրել են մի դրույթ, որով ԱԺ-ն կարող է պատգամավորների ձայների 2/3-ով որոշ դրույթներ փոփոխել։
«Չգիտեմ, երևի պետք է ներողություն խնդրենք, որ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70 տոկոս, այսինքն ժողովուրդը 2/3-ով որոշ հոդվածներ փոխելու իրավունքը տվեց մեզ։ Մենք ոչ թե հորինում ենք մի փոփոխություն, այլ անում ենք այն, ինչը նախորդ իշխանությունը պետք է աներ ու չարեց»,- նշեց պատգամավորը։