Հուլիսի 12-ից Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ ձեռնարկել է սադրիչ գործողություններ։ Հակառակորդը ընդմիջումներով շարունակել է սահմանամերձ գոտում հայկական դիրքերի ու բնակավայրերի գնդակոծությունները: Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր, և ևս մեկ խաղաղ բնակիչ։ Սահմանային լարվածությանը անմասն չմնացին միջազգային հանրությունը, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունները, երկրները` կոչ անելով կողմերին կանխել հետագա էսկալացիան:
Սահմանային լարվածությանը զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Էլմար Մամեդյարովն ազատվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից, և նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվեց Ադրբեջանի կրթության արդեն նախկին նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքի իրավաքաղաքական գնահատականների, սահմանային լարվածության նկատմամբ միջազգային արձագանքի գնահատականի, Ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա Ադրբեջանի ԱԳ նախարարի փոփոխության ազդեցության, կողմերի տեղեկատվական պատերազմի մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ։
-Պարո՛ն Մինասյան, Ադրբեջանը դիմել է ռազմական սադրանքի՝ հարձակվելով Հայաստանի պետական սահմանների վրա, ո՞րը պետք է լինի սրա իրավաքաղաքական գնահատականը։
-Հնարավոր արձագանքը կարելի բաժանել երկու մասի՝ ռազմական և քաղաքական։ Ռազմական արձագանքի տեսանկյունից, կարծում եմ, ամեն ինչ արված է գերազանց․ ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ, հայկական կողմն ունի դիրքային բարելավումներ և լիարժեքորեն վերահսկում է ստեղծված նոր իրավիճակը։ Ինչ վերաբերում է քաղաքական ասպեկտին, պետք է ընդգծել, որ բավական կարևոր է՝ ադրբեջանական հերթական սադրանքը իր արտահայտությունը գտնի բանակցային գործընթացի համատեքստում, մասնավորապես՝ համանախագահների կողմից համապատասխան դիրքորոշումների որդեգրմամբ։ Ադրբեջանը, մեկ շաբաթ առաջ սկսելով հարձակումը, փորձում էր գրավել Հայաստանի տարածքում գտնվող դիրքեր, այնուհետ տեղի ունեցավ լարվածության որոշակի նվազեցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ձեռք էր բերվել որոշակի պայմանավորվածություն հրադադարի վերականգնման համար, սակայն երկրորդ անգամ Ադրբեջանը փաստացի խախտեց այդ պայմանավորվածությունը, և ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները փորձեցին երկրորդ անգամ գրավել այդ դիրքը, ինչը ևս ձախողվեց։ Վստահաբար կարելի է ասել, որ դիվանագիտական խողովակներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք մշտական կապի մեջ են կողմերի հետ բավական կոշտ են արձագանքել Ադրբեջանի կողմից նմանատիպ՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմանը, սակայն ստեղծված իրավիճակում համանախագահների համար թերևս գլխավոր խնդիրը հրադադարի վերականգնումն է, և էսկալացիայի նվազումը։ Այլ հարց է, որ Բաքվի հերթական ագրեսիան առավել կարևոր է դարձնում նպաստավոր իրավիճակի ձևավորման խնդիրը, ինչը վերջին շրջանում ակտիվորեն առաջ է մղվում հայկական կողմից։ Ինչպես այսօր ԱԳՆ ներկայացուցիչն էր նշել՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո զգալի ջանքեր էին գործադրվել, նկատելի էր սահմանին հարաբերական կայունություն, սակայն ադրբեջանական այս սադրանքը , էսկալացիան ամեն ինչ վերադարձրին 2016 թվականի դրությանը։ Կարևոր է, որպեսզի համանախագահները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ նրա կողմից առավել կառուցողական դիրքորոշում ապահովելու համար, և միևնույն ժամանակ քննարկվեն և գործնական փուլ մտնեն հրադադարի վերահսկման մեխանիզմների խնդիրը։ Ինչպես հայտնի, տարբեր տարիներին եղել են առաջարկներ, անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, օրինակ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայման վերաբերյալ, որը դիտորդական առաքելություն է իրականացնում սահմանների ամբողջ երկայնքով։ Բացի այդ, մշտական օրակարգային խնդիրներից են հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչը բավական կարևոր է։ Կարծում եմ՝ վերջին սահմանային էսկալացիան առավել կամրապնդիի հայկական կողմի դիքերը։ Կան նաև այլ մեխանիզմներ՝ ուղղված սահմաններին լարվածության թուլացմանն ու հնարավոր ռիսկերի նվազեցմանը, որոնք հայկական կողմից առաջիկայում ևս պետք է առաջ մղվեն։
-ՀԱՊԿ, ԵԱՀԿ, Ռուսաստան, ԱՄՆ, տարածաշրջանի երկրներ, միջազգային կառույցներ․․․ արդյոք միջազգային արձագանքը բավարա՞ր էր, թե՞ զգուշավորության տարր կար այնուամենայնիվ, մեր քայլերն այս ուղղությամբ ինչպե՞ս կգնահատեք։
-Պետք է ընդգծել, որ միջազզգային հանրության համար ստեղծված իրավիճակում առաջնային է լարվածության թուլացումը, որովհետև այս պահին ունենք վերջին երկու տարվա կամ ապրիլյանից հետո աննախադեպ էսկալացիա։ Բնականաբար միջազգային հանրությունը, միջագային տարբեր դերակատարներ գերակա են համարում հենց լարվածության թուլացումն ու հրադադարի ամրապնդումը։ Ստեղծված իրավիճակը հղի է առավել լուրջ ռիսկերով ողջ տարածաշրջանի համար։ Պետք է հաշվի առնել, որ դիվանագիտությունը ունի մի շարք նրբություններ, և մի շարք գործընթացներ տեղի են ունենում դիվանագիտական խողովակներով, այդ թվում՝ համանախագահների և Ադրբեջանի միջև երկխոսությունը։ Վստահաբար կարելի է ակնկալել, որ եղել է ճնշում ադրբեջանական կողմի վրա։ Պատահական չէ, որ այսօր ևս ունենք լարվածության զգալի թուլացում։ Իհարկե, իրավիճակը վերջնականապես կարգավորված չէ, այնուամենայնիվ կան որոշակի դրական միտումներ։ Ինչ վերաբերում է ընդհանուր միջազգային արձագանքին, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում համագործակցում են իրենց տարբեր միջազգային գործընկերների հետ՝ իրենց աջակցող հայտարարություններ ընդունելու ուղղությամբ։ Երկու կողմերն էլ ունեցել են հաջողություններ, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, միջազգային արձագանքը բավական հավասարակշռված էր, ինչը ես պայմանվորում եմ այն գերակա խնդրով, որը այս պահին միջազզգային հանրության համար կա․ տվյալ դեպքում դա հրադադարի ռեժիմի վերականգնումն է։
-Ադրբեջանում նոր արտգործնախարար է նշանակվել կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ինչպե՞ս այս փոփոխությունը կազդի ԼՂ բանակցային գործընթացի վրա՝ հաշվի առնելով վերջին օրերի էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակոնֆերանս է անցկացրել նորանշանակ ԱԳ նախարարի հետ և ընդգծել, որ եթե ղարաբաղյան բանակցություններն անիմաստ լինեն, «այլ կերպ կգործենք»․ սա Ադրբեջանի նախագահի կողմից բանակցային գործընթացից դուրս գալու սպառնալի՞ք է, թե նոր մոտեցում, դիրքավորում բանակցային գործընթացում։
-Պետք է ընդգծեմ, որ վերջին ամիսներին ադրբեջանական կողմի գործողություններում նկատվում էր մեկ հստակ գիծ՝ տորպեդահարել, տապալել Ղարաբաղյան բանակցությունները՝ դրանցում մեղադրելով հայկական կողմին․ այս գիծը նկատելի է թե՛ Ադրբեջանի նախագահի, թե՛ ՊՆ նախարարի արված վերջին հայտարարություններում, երբ նույն Ալիևը հստակ հայտարարում էր, որ համանախագահները ընդունում են՝ ռազմական լուծում չկա. իսկ ո՞վ է ասել, այնուհետև մեղադրում էր համանախագահներին, որ բավական ճնշում չեն գործադրում հայկական կողմի վրա․ այսինքն՝ ակնհայտ դժգոհություն էր արտահայտվում բանակցային գործընթացի վերաբերյալ։ Ինչ-որ առումով սա ակնհայտ շանտաժ էր՝ ուղղված համանախագահներին։ Ինչպես փորձը ցույց տվեց, անգամ ռազմական ճանապարհով ադրբեջանական կողմը չի կարողանում խնդիրը լուծել՝ մի կողմից դժգոհ է բանակցություններից և հոխորտում է պատերազմով, բայց անգամ ռազմական գործողություններով ոչ միայն հաջողություններ չի ունենում, այլ ունենում է կորուստներ։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի նախագահն ինքն իրեն դրել է բավական փակուղային իրավիճակում, որովհետև այդ հռետորաբանությունը լսում է սեփական հանրությունը, և այսօր հանրությունը տեսնում է, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ կարող է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, բայց ռազմական գործողությունների արդյունքում ունենում է բավական լուրջ կորուստներ, միևնույն ժամանակ դժգոհ է բանակցություններից, բայց համանախագահները հայտարարություն են տարածում, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել հանդիպել։ Կան որոշակի անհամապատասխանություններ, որոնք հարցեր են առաջացնում ադրբեջանական հանրության մեջ, և Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ խնդիրը ռազմական ճանապարհով հնարավոր չի լուծել և տարաբնույթ էսկալացիաների միջոցով սեփական իշխանության պահպանման, ամրապնդման խնդիրներ է լոկ լուծում։ ԱԳ նախարարի փոփոխությունը բովանդակային առումով էական փոփոխություն, ազդեցություն դժվար թե ունենա բանակցային գործընթացի վրա, որովհետև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ադրբեջանական կողմից մեծ է նախագահի աշխատակազմի դերակատարությունը և շատ գործողություններ իրականացվում են հենց աշխատակազմի համակարգմամբ։ Կարելի է կանխատեսել, որ նոր նախարարը փորձելու է առավել ռադիկալ դիքերից հանդես գալ, քան Մամեդյարով էր, որովհետև Մամեդյարովի վերաբերյալ Ալիևի դժգոհությունը պայմանավորված էր բանակցություններում արդյունք չունենալով, Ալիևը նրան մեղադրում էր հայկական կողմի հետ համագործակցելու մեջ։ Դա, բնականաբար, նոր նախարարը հաշվի կառնի և կփորձի նոր դիքերից հանդես գալ։ Բավական կարևոր է, որ բանակցային գործընթացի շրջանակներում նախատեսված առաջիկա հանդիպումներում հայկական կողմը մասնակցելու է առավել քան ամուր դիքերից, որովհետև ունենք ձախողված ադրբեջանական սադրանք, հայկական կողմը գերազանց լուծել է իր առջև դրված խնդիրները, այսօր իրավիճակը սահմանին թելադրում է հայկական կողմը, և հայկական կողմը հերթական անգամ ապացուցեց, որ ուժի դիրքերից իր հետ հնարավոր չէ խոսել։ Առավել քան վստահ եմ՝ հայկական կողմը պետք է մասնակցի բանակցային գործընթացներին և անկախ նրանից՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը որքան ռադիկալ կլինի, հայկական կողմ բավական ռացիոնալ կերպով պետք է պաշտպանի իր շահերը։
-Այսօր ՀՀ ԱԳն մամուլի խոսնակը հետաքրքիր մի թեզ էր շրջանառել, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը: Վերջին սրացումների համատեքստում խաղաղության նախապատրաստման թեզը տրանսֆորմացվե՞լ է։
-Սա ավելի շատ թիրախավորված մեսիջ էր միջազգային հանրությանը, որ իրականում թեև ադրբեջանական կողմը ստանձնել է սեփական հանրությանը խաղաղությանը նախապատրաստելու հանձնառություն, սակայն հավատարիմ չէ այդ հանձնառությանը։ Վերջին հայտարարություններն ու հռետորաբանությունը ընդգծում են, որ ադրբեջանական կողմը խախտում է իր իսկ հանձնառությունը։ Սա բավական կարևոր թեզ ու շեշտադրում է։ Պետք է միջազգային հանրության համար ընդգծել, որ իրականում ադրբեջանական կողմը խաղաղ տարբերակով հիմնախնդրի կարգավորման կողմնակից չէ։
-Մեդիա դաշտում կողմերի քայլերը արդյոք համարժե՞ք են։
-Մեդիա դաշտում պայքարը դեռևս շարունակվում է, թեև ռազմաճակատում իրավիճակը համեմատաբար կայունացել է, սակայն տեղեկատվական պատերազմը շարունակվում է։ Կարևոր է ընդգծել, որ աշխատանքների մեծ մասը երկու կողմերն էլ իրականացրել են թե՛ բացահայտ, թե՛ փակ խողովակներով։ Հայկական կողմը սեփական մոտեցումները տարբեր գործընկերներին, դերակատարներին ներկայացնելու առումով բավական հաջող է գործում։ Ադրբեջանական կողմը ունեցավ բավական լուրջ բացթողում՝ խոսքը Մեծամորի ատոմակայնին հարվածելու մասին հայտարարության մասին է, որով, կարծում եմ, գրգռեց միջազգային հանրությանը։ Հայտարարության շարժառիթը հայկական հանրությանը ահաբեկելն ու սեփական հանրությանը ոգևորելն էր, որի հետևանքները լավ հաշվարված չէին։ Արդյունքը տեսանք՝ հայկական կողմը հաջող օգտագործեց ադրբեջանական կողմի սայթաքումը, բավական հեղինակավոր միջազգային պարբերականներում հրապարակվեցին բացասական շեշտադրումներով հոդվածներ, որոնք անդրադառնում էին ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքներին։ Ադրբեջանական կողմը փորձեց դաշտ նետել և զարգացնել մեկ այլ թեզ՝ փորձելով Հայաստանին ներկայացնել որպես եվրոպական անվտանգության սպառնալիք, ինչի հետ կապված մենք բավական ճիշտ դիրքավորվեցինք։ Երեկ այդ թեմայի վերաբերյալ արվեցին բավական կարևոր շեշտադրումներ։ Հայտարարվեց, որ հայկական կողմը մշտապես ունեցել է սահմանի մոտ անցնող խողովակաշարերին հարվածելու հնավարություններ, սակայն թե նախկինում, թե այժմ չունի նման ցանկություն։ Հայտարարվեց, որ տվյալ խողովակաշաշերի անվտանգությունը երաշխավորվում է հայկական կողմից։ Սա բավական կարևոր է, հատկապես միջագային հանրության տեսանկյունից։ Ըստ էության, Հայաստանը դիրքավորվում է որպես անվտանգություն երաշխավորող երկիր տարածաշրջանում։ Կցանկանայի ընդգծել, որ ադրբեջանական կողմը տեղեկատվական պատերազմում բավական լուրջ ազդեցություն է ցուցաբերում, թուրքական կողմը՝ թե՛ մեդիառեսուրսների, թե լոբբիստական խմբերի առումով, հետևաբար ՀՀ-ն փաստացի տեղեկատվական պատերամզի մեջ է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ։
Նարե Հարությունյան