«Հրապարակ» օրաթերթ
- Թերթի փոխանցմամբ՝ երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կադաստրի պետի տեղակալ է նշանակվել Նարինե Ավագյանը։ Նա արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգնականն էր, երբ վերջինս ղեկավարում էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը։ Այս նշանակումն իշխող թիմում բուռն քննարկումների տեղիք է տվել․ շատերի կարծիքով՝ չի կարելի այդքան «իջնել» եւ նախկինում միջին օղակներում աշխատած, առավել եւս նախկինների օգնականներին բարձր պաշտոնների նշանակել, ինչը ցույց է տալիս այս իշխանության կադրային սնանկությունը։ Թերթին հայտնել են նաեւ, որ թեեւ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, սակայն Նարինեի համար միջնորդել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, որի մոտ եւս՝ ԱԺ-ից հետո, Նարինե Ավագյանն օգնական է աշխատում։
- Կառավարության կողմից Վահրամ Ավետիսյանի առաջադրումը ՍԴ դատավոր, խորացրել է ՀԱԿ-Նիկոլ Փաշինյան անջրպետը։ Ըստ թերթի՝ դա անակնկալ է եղել նաեւ Վահե Գրիգորյանի համար, ոը կարծում է, որ ՍԴ-ն նախկինների «լծից» ազատագրելու իր ջանքերն արդյունք չեն տվել, քանի որ ՍԴ է գործուղվում նախկին իշխանությունների դատական սպասարկուի որդին։ Մինչ այդ քննարկվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, սակայն վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը փոխել է որոշումը։ Չի բացառվում, որ Զեյնալյանի թեկնածությունն էլ ներկայացնի Արմեն Սարգսյանը։
- Նիկոլ Փաշինյանը, կառավարության վերջին նիստում խոսելով արցախյան հարցի մասին, խոսել էր նաեւ հակամարտության շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների կիրառման մասին, որից հրաժարվել էր պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո։ Շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե նա որոշել է վերադառնալ Վիեննա-Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Սերժ Սարգսյանի ժամանակ։ Թերթը ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից ճշտել է՝ խոսքը Ժնեւ-Վիեննայի մասի՞ն է։ «Մենք բազմիցս հայտարարել ենք եւ շարունակելու ենք պնդել, որ սահմանամերձ միջադեպերը կանխելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում՝ ե՛ւ տեղերում միջազգային դիտորդների թվի ավելացում, ե՛ւ նրանց մշտական տեղակայում, ինչպես նաեւ ուղիղ կապ եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրում»,- ասել է նա: «Ինչպես տեսնում ենք` ոչ մի խոսք Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ-Վիեննա պայմանավորվածություններին վերադարձի մասին»,-եզրակացրել է թերթը։«Ժողովուրդ օրաթերթ»
- «Հայաստանում դեղերի շուկայում որոշակի թանկացումներ են արձանագրվել: Օրաթերթը փոքրիկ շրջայցի ընթացքում պարզել է, որ զգալի բարձրացել է ճնշման համար կիրառվող «Նորմոդիպին» կոչվող դեղը: Տվյալ դեղի 10 մգ-անոցի մեկ հատիկը 110 դրամից թանկացել է՝ դառնալով 230 դրամ, իսկ, ահա, 5 մգ-անոցի մեկ հատիկը վաճառվում է 120-130 դրամով: «Վալերիանա» (Կատվախոտ) գիշերային դեղի հատիկների տուփը 290-300 դրամից թանկացել է՝ դառնալով 350 դրամ: Իսկ «Վալերիանայի» մյուս՝ հանրությանը հայտնի դեղին հատիկները 90 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 100-120 դրամ: Թանկացել է նաեւ խոլեստերինի դեմ կիրառվող «Ատորիս»-ը. 30-հատանոց տուփը 3150 դրամից դարձել է 3300 դրամ: Ցավազրկող «Տեմպալգին» դեղամիջոցի 20 հատանոց տուփը 700 դրամից թանկացել է՝ դառնալով 840 դրամ: Թերթը տեղեկացնում է, որ D վիտամինի հատիկներն են 20 դրամով թանկացել՝ 100-ից դառնալով 130 դրամ: Բարձրացել է նաեւ C վիտամինի գինը. մեկ հատիկը նախկինում 120 դրամով էր վաճառվում, այժմ՝ 140 դրամ»:
- ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն այդպես էլ վերջնական տեսքով դեռ հավանության չի արժանացել կառավարության կողմից, եւ շարունակվում են բուռն քննարկումները: Ըստ թերթի՝ դեռեւս այս տարվա փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել էին խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվել են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները: Այդ քննարկումը, ինչպես նաեւ նախագծի հանրային լսումները բավական բուռն են անցել, եւ շատ դրույթների հետ նաեւ պատգամավորներն ունեն էական անհամաձայնություններ, եւ նաեւ դա է պատճառը, որ այն դեռ վերջնական տեսքի չի բերվել: Բանն այն է, որ այդ նախագծով առաջարկվում էր լուծարել նաեւ բարձրագույն որակավորման կոմիտեն, որին համաձայն էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ թերթի, սակայն ընդհանուր առմամբ քննարկումները ցույց են տվել՝ ոչ բոլորն են կողմ այդ տարբերակին, եւ չի բացառվում, որ նախագծի վերջնական տարբերակում այդ դրույթը հանվի: «Ընդգծենք՝ վերջին շրջանում լարվել են նախարարի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հարաբերությունները. վերջինս անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն այն այդպես էլ չստորագրվեց, եւ վերջինս շարունակում է աշխատել: Եվ հիմա կարծես թե փորձ է արվում Գոգյանին լռեցնել հենց կառույցի լուծարման հեռանկարով»,-գրել է թերթը:«Ժամանակ» օրաթերթ
- «Ժամանակ» թերթը գրում է, որ ԲՀԿ խմբակցությունը լքող հաջորդ պատգամավորը կարող է լինել Միքայել Մելքումյանը: «Շատերն են նկատել, որ նախկինում քաղաքականապես ակտիվ Մելքումյանը վերջին ժամանակահատվածում խիստ պասիվ է և չկա հրապարակային գործունեության դաշտում: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ ամենը կարող է կապված լինել նրա դեմ հարուցված քրեական գործերի հետ»,-գրել է թերթը։
- Ըստ թերթի՝ ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները պնդում են, որ նա ներքին քննարկումների ժամանակ հայտարարել է, որ մինչև հաջորդ տարվա ապրիլ իմաստ չունի զբաղվել ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ և առավել ևս պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը: «Սարգսյանը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ Փաշինյանը դեռևս ունի հանրային մեծ աջակցություն, և նրա դեմ ուղղված քննադատությունը չի ընկալվում հասարակության լայն շերտերի կողմից»:
- «Կառավարությունը սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Այս վարժական հավաքները որևէ կապ չունեն սահմանային լարվածության հետ, քանի որ դրանք կրում են պլանային բնույթ և իրականացվում են ամեն տարի»,-հայտնել է թերթը: