ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մեկնաբանել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի պարզաբանումները ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու իր որոշման վերաբերյալ՝ պահպանելով մանդատը:
Իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ Աբովյանը նշել է, որ ապշել է՝ կարդալով Բագրատյանի «բացատրական» նամակը։
«Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի «անհամաձայնություններ ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ», ձեզ հետ ի՞նչ է կատարվում…
Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին, և ես գեթ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ։
Այո՛, ես համարում եմ, որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր էր վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։
Եվ վերջում, եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից «գետինը պետք է մտներ», այլ ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ»»,-գրել է նա։