«Ես գործնականում բացառում եմ Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու հնարավորությունը»։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը։
«Ես դա անտրամաբանական եմ համարում։ Բացառում եմ, որովհետև սահմանադրական դատարանում ճգնաժամ առաջացավ նաև այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվեց դատավորի պաշտոնում»,- ընդգծեց Սիմոնյանը։
Ամեն դեպքում, այդ հարցը, ըստ ԱԺ փոխնախագահի, ՍԴ նոր դատավորների հետ չի քննարկվել։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկության արդյունքում երեքշաբթի օրը երեք դատավոր է ընտրել՝ Էդգար Շաթիրյանին (ՀՀ կառավարության թեկնածու), Արթուր Վաղարշյանին (ՀՀ նախագահի թեկնածու) և Երվանդ Խունդկարյանին (Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու):