ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությամբ Երևանի քաղաքապետը 3-ի փոխարեն 4 տեղակալ կունենա։ Նոր փոխքաղաքապետը ռազմական դրության ընթացքում կլինի համայնքի աշխարհազորային բրիգադի ղեկավարը։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծով էլ առաջարկվում է հստակեցնել ռազմական դրության ընթացքում քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների գործառույթները: Նախագծով համայնքի ղեկավարի տեղակալը կփոխարինի համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:
Օրենքի ընդունմամբ լուծվում է համայնքներում ղեկավարի տեղակալի հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն է տալիս ռազմական դրության պայմաններում ամրապնդել համայնքների պաշտպանությունը։