Ունենք հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ, և անվտանգության խորհուրդն այն ձևաչափն է, որտեղ այդ հարցերը պետք է բարձրացվեն։ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավար Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Խորհրդարանն այն մարմինն է, որն իրավունք ունի ստանալու այնպիսի տեղեկատվություն, որը պարունակում է ռազմավարական և մարտավարական բաղադրիչ, և դրանք այն հարցերն են, որոնք հրապարակային քննարկման չեն։ Մենք որպես պատգամավորներ՝ իրավունք ունենք ծանոթանալու գաղտնիք պարունակող տեղեկատվության, հետևաբար, նաև ծանոթանալու, թե ինչպիսի աշխատանքներ են այս պահին տարվում դիվանագիտական ճակատում և ինչպիսի իրադրություն է այս պահին ռազմաճակատում։ Եթե մեզնից պահանջում են միասնականություն, ինչը մենք բոլոր ձևերով ցուցաբերում ենք, մենք էլ փորձում ենք այդ միասնականության համար ձեռք բերել այնպիսի տեղեկատվություն, որպեսզի ավելի ռեալ գնահատենք իրավիճակը և ավելի շատ մեր գործողությունները հարմարեցնենք այդ իրավիճակին»,- շեշտեց պատգամավորը։
Դիտարկմանը, թե նման ձևաչափով հանդիպում արդեն կայացել է, որին մասնակցել է նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը նշեց, որ այդ հանդիպումից անցել են շաբաթներ, իսկ ռազմաճակատում զարգացումները րոպե առ րոպե փոխվում են։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը կրկին դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով։ Շուրջ երկու շաբաթ առաջ էլ էին նույն պահանջով դիմել, սակայն, այդպես էլ նիստը չկայացավ։
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը դժգոհել էր, որ Արցախում իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությանը տիրապետում են բացառապես իշխանությունները, խորհրդարանական ըննդիմադիր ուժերը ևս ուզում են տիրապետել Արցախի և ՀՀ սահմանների անվտանգության վերաբերյալ ինֆորմացիային։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան մեզ հետ զրույցում ասել է, որ հանդիպում լինելու դեպքում, այդ մասին կտեղեկացնեն։