Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը արձագանքել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին։
Արձագանքը՝ ստորև․
«Թանկագին հայրենակիցներ,
Սույն թվականի նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:
Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մեջ էինք Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկում էինք պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները և այլ հարցեր:
Հետևելով ռազմական գործողությունների ընթացքին, ունենալով բազմաթիվ հանդիպումներ և խորհրդակցություններ պատերազմին մասնակցող ռազմական գործիչների, հրամանատարների և մարտիկների հետ՝ մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմն անհապաղ կանգնեցնելու ուղղությամբ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով նրան դիմել ՀՀ վարչապետին և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը:
Հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը նույնպես եկավ այս եզրահանգմանը և դիմեց մեր աջակցությանն այս հարցում՝ ստանալով մեր համաձայնությունը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:
Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն, վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ապա ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահի դրությամբ նպատակահարմար ենք գտնում դրանց չանդրադառնալ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառումներ է անում Արցախյան պատերազմի ընթացքում Արցախի ու ՀՀ-ի նախկին նախագահների իրականացրած քայլերի ու արտահայտած դիրքորոշման վերաբերյալ, որոնք կոշտ արձագանքի արժանացան նախկին նախագահների կողմից, և նրանք հանդես եկան պատասխան հայտարարություններով։