Հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում կայացած հանդիպումը տեղի հայերի հետ անցել է բավականին լարված մթնոլորտում։ Լուրը, սակայն, հերքել էին նախագահի աշխատակազմից։ Այնինչ համացանցում ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների մի մասնագետ նախագահին հարց տալիս բավական կտրուկ է խոսում
Համայնքի ներկայացուցիչը, դիմելով Արմեն Սարգսյանին, ասում է.
«Իմ հարցը ուզում եմ ուղղել անձամբ Ձեզ՝ կապված Ձեր աշխատանքի հետ։ Դուք ասում եք՝ 2,5 տարի գնաց «պռավալ»։ Դա նաև Ձեր մեղքն է։ 2,5 տարի Հայաստանում գնում էր պառակտում, 2,5 տարի քանդում էին պետական ինստիտուտները։ Դուք լռում էիք, Դուք անգործ էիք։ Կներեք, բայց կողքից այդպես էր թվում։ Ցանկացած հայ հիմա դա իրավունք ունի Ձեզ ասելու։ Դուք չէիք պաշտպանում դատվող հերոսներին․․․ ոչ մի անգամ չսատարեցիք մեր երկրորդ նախագահին և հերոսներին, համենայն դեպս՝ դա չեղավ մասսայական։ Դուք ասում եք, որ չեք իմացել նման պայմանագրի ստորագրության մասին, դա նույնպես Ձեր անգործության արդյունքն է։ Դա իրականություն է, դա արդարացում չէ։ Ինչպե՞ս կարող է պետության նախագահը, որը ի՛նքն է պարտականություն կրում Սահմանադրության և պետական տարածքների կայունության համար, ներկա դրությամբ կանգնի և նման արդարացում ման գա։
Ես հուզված եմ, որովհետեւ դավաճանել են իմ հայրենիքը, և Դուք մեղավոր եք, անձամբ Դուք։ Ու ես ուզում եմ տեսնել՝ ինչպես եք Դուք գտնում Հայաստանի ապագայում Ձեր տեղը։ Ես ասեմ Ձեզ Մոսկվայի հայության մեծամասնության կարծիքը՝ Դուք այնտեղ տեղ չունեք»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի հետ տեղի է ունեցել Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում։ Խոշոր հայազգի գործարարները հրաժարվել են մասնակցել, հանդիպել նախագահի հետ։