ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը կրկին նիստ է հրավիրել՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից։
Հավելենք, որ նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհրդի նիստին որոշվել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։
Նոյեմբերի 25-ին՝ ժ. 18։27-ին, Սահմանադրական դատարանը «Mulberry» էլեկտրոնային համակարգով ստացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի դիմումը։
Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին և գրավի դիմաց ազատ արձակվել։ Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։