«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայ ռազմագերիների հարցով դիմել է ՄԱԿ, Կարմիր խաչ, Եվրոպայի խորհուրդ և ՌԴ նախագահին, և, այս պահի դրությամբ, Ադրբեջանում հայ ռազմագերիների մասնակցությամբ զորահանդես չի լինելու։ Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրենց նախաձեռնած խորհրդարանական լսումների եզրափակիչ ելույթում։
«Դիմել ենք Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտե։ Այն միակ մարմինն է, որը կարող է այցելել Ադրբեջան և տեսնել՝ բանտերում ինչ վիճակ է, ովքեր կան, որտեղ են պահվում: Պահանջել ենք ոչ պլանային այցելություն: Կապի մեջ ենք. հիմա քննարկումներ են ընթանում: Ռուսաստանի դերն այստեղ շատ կարևոր է, որովհետև փաստաթղթի ստորագրման երաշխավորը Ռուսաստանն է, և փաստաթղթի գործողություններին, թե որը երբ է ի կատար ածվում, էլի Ռուսաստանն է հետևում»,-շեշտեց Մարուքյանը:
Նա նշեց, որ ԼՀԿ-ն առաջարկել է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև Կառավարության կազմում տեղի ունեցած վերջին փոփոխություններին։
«Մենք ժամանակին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնեցին, բայց «Իմ քայլը» նրան ատամներով պաշտպանեց։ Պատերազմից հետո նրան պաշտոնից ազատեց։ Պատերազմի հետ կապված այդ նախարարության հետ ի՞նչ հարց կար։ Վարչապետը փորձում է որպես շանթարգել օգտագործել իր նախարարներին և կայծակի հիմնական հարվածը իրենից հեռու պահել, բայց չի լինի, պետք է հրաժարական տա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր ԼՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի էին ունենում խորհրդարանական լսումներ՝ նվիրված երկրում ստեղծված իրավիճակից ելքերին, որին, ի դեպ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չէին մասնակցում։