Ընդդիմության կողմից մայրաքաղաքում տեղի ունեցող անհնազանդության ցույցերը Աժ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը էլիտաների հեղաշրջման փորձ է համարում։
«Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ ընտրեն և այդ մարդուն նշանակեն ՀՀ ղեկավար մեկ տարով։ Եվ չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Այսինքն՝ վերցնում են ՀՀ քաղաքացիներից ընտրելու իրավունքը։ Դա թերևս զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը։ Հեղափոխությունից հետո շատ ու շատ էլիտաներ կորցրել են իրենց հնարավորությունները՝ գումար աշխատելու, կոչումներ ստանալու։ Այսօր, տեսնելով, որ իրավիճակը բարդ է, տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն լինի։ Զավեշտը կայանում է նրանում, որ չեն ուզում ընտրություններ»,- նկատեց նա։
Իշխող ուժի ներկայացուցիչը չի բացառում, որ կարող է հիմա արտահերթ ընտրություն լինել։
Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե հիմա արտահերթ ընտրություններ լինեն, «Իմ քայլը» կրկին կընտրվի։
«Իսկ ո՞վ որոշեց, որ պետք է Վազգեն Մանուկյանը լինի, կարող է դուք ուզում եք, որ վարչապետը լինի Էդմոն Մարուքյա՞նը։ Եթե խոսում են ժողովրդի անունից, ժողովրդի անունից ագրեսիա են տարածում, թող ասեն՝ հարգելի ժողովուրդ, եկեք նոր ընտրություններ կազմակերպենք։ Այստեղ կարևորը հետևյալն է՝ ՀՀ ժողովուրդը պետք է որոշի, ոչ թե էլիտաները»,- ասաց նա։
Անդրադառնալով Եռակողմ հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ փաստաթուղթ կազմել և ստորագրել են նրանք, ովքեր հիմա իշխանությանը մեղադրում են Ղարաբաղի շրջանները հանձնելու մեջ։
Հիշեցնենք, որ ընդդիմությունն այսօր մինչև ժամը 12։00-ը հրաժարականաի պահանջ էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սահմանված ժամկետը լրանալուց հետո ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ է իրականացնում։ Նշենք, որ ընդդիմադիր 16 կուսակցությունների միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, իսկ ԼՀԿ թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանը։