ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գործող քրեական օրենսգրքում առկա մի շարք թերությունները վերացնելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին ասաց նա ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ առաջարկվում է կարգավորել մի շարք առանցքային հարցեր:
Նախագծով նախատեսվում է համակարգային նոր լուծումներ, որոնք միտված են հանցավոր արարքների դեմ պետության հակազդեցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քրեական օրենսգրքի և պետության քրեական քաղաքականության հիմքում ընկած սկզբունքային մոտեցումների ներդաշնակության ապահովմանը:
«Գործող քրեական օրենսգիրքն իր գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների, որոնք հանգեցրել են օրենսգրքում ներքին հակասությունների և բացերի առաջացմանը: Նախագծի ընդունման կարևորությունը հիմնավորվում է օրենսգրքում առկա տարաբնույթ թերությունների վերացմամբ»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Նախագծով հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները և նախատեսվել են հանցանք կատարած անձին իր արարքին համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը։ Վերանայվել է պատիժների համակարգը:
«Նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականությանն անցնելու գաղափարախոսությունը: Որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց: Ընդարձակվել է ազատազրկման այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը՝ նախատեսելով այլընտրանքային նոր պատժատեսակներ, օրինակ, ազատության սահմանափակումը՝ տնային կալանք, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելը»,- կարևորեց Արդարադատության նախարարը։