Չնայած Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հերքել էր լուրերը, թե Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Արավուս բնակավայրի հատվածում հայկական կողմը ադրբեջանական կողմին տարածքներ է զիջել, այսօր Աժ-ում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը պնդեց, որ Արավուսից 37 հա տարածք տրվել է Ադրբեջանին։
Պատգամավորին բնակիչներն ահազանգել են, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ հատվածում գտնվող իրենց համայնքի պահուստային ֆոնդի հողն ադրբեջանցիներն իրենցից խլում են:
«Մարդիկ զրկվել ենք իրենց հողերը մշակելու իրավունքից։ Խոսքը վարելահողերի մասին է։ Այդ հողերը գյուղացիների ապրուստի միջոցն են եղել։ Մարդիկ մենակ են մնացել իրենց հոգսի հետ»,- նշեց Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Armenia Today-ն ավելի վաղ զրուցել էր Արավուսի ղեկավարի հետ, որը բանակցություններ են վարել ադրբեջանակոն կողմի հետ։ Հակառակորդը մոտեցել էր սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, նոր սահմաններ են գծվում, պետք է հետ քաշվել։