Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումը բավականին բուռն է ընթանում։
«Իմ քայլը» խմբակցությունն այս նախաձեռնությամբ առաջարկում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգը։
Առաջարկվում է արգելել իրավաբանական անձանց կողմից՝ կուսակցությունների բիզնեսից ուղիղ ֆինանսավորումը։ Այս փաթեթով կստեղծվի այնպիսի կառուցակարգ, որը քաղաքացուն հնարավորություն է տալու իմանալ, թե կուսակցությունն ինչպես է ֆինանսավորվում։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ կուսակցությունների մասին օրենքը ոչինչ էլ չի կայունացնելու, այն որևէ կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ։
«Այո, ասում են, որ մինչև ընտրությունները պետք է փոխել կուսակցությունների մասին օրենքը։ Եվ դրանով արդար ընտրություններ կլինեն։ Միամիտ եք ժողովուրդ, ի՞նչ կուսակցությունների մասին օրենք: Մի հատ նայեք՝ ինչպես են այսօր Հայաստանում աշխատում մամուլը, մեդիան, հեռուստաընկերությունները, որոնք սպառում են հանրային մուլտիպլեքսը, որոնք որոշում են բլոկ անել այսինչ մարդուն, ցույց չտալ նրան: Քաղաքական համակարգն ինչպե՞ս եք առողջացնելու»,- հարց հնչեցրեց Մարուքյանը։
Նիստին ներկա արդարադատության փոխնախարարն էլ նշեց, որ առաջարկվում է կուսակցության ղեկավար մարմիններում սեռերի հավասարություն սահմանել։
ԼՀԿ-ից պատգամավոր Արմեն Եղիազարյանը հակադարձեց՝ նշելով, որ կուսակցությունների քվոտայում կանանց ներգրավվածությունը ժամանակավրեպ է։
ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն արձագանքեց, որ օրենքում կարևոր դրույթ է ավելացել, որով կուսակցության ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը:
«Եթե կուսակցության կազմում չեն ուզում ընդգրկել տարբեր սեռերի ներկայացուցիչների, ես ուզում եմ ձեզ հարցնել՝ բա ձեր նախընտրական ցուցակները կազմելիս ու՞մ մորաքրոջն եք խնդրելու, որ գա և ձեր ցուցակում ընդգրկվի»,- նկատեց ԱԺ փոխնախագահը։
Իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ ևս մեկ անգամ ընդգծեց, որ կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունները կնպաստեն, որպեսզի դրանք ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու լինեն։