Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը։
Կատարված փոփոխություններով կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: Մասնավորապես, հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը, ինչպես նաև կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները վարելու իրավունք չունեցող անձանց կողմից։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
Փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, առցանց եղանակով գրանցման կամ հաշվառման դիմումների ավելացմանը, Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:
Առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկրճատվի ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում։ Ըստ նախագծի, սակայն, սահմանվել է՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները։ Այն մինչև 5 ամսից դարձվել է 15 օր։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության և «Իմ քայլը» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակից ստացվող գումարները կտնօրինեն համայնքները։
Իսկ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Կառավարության հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին», «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը: