ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների պարտադիր սահմանման նախաձեռնությանը, որը կապված է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ։ Այս նախաձեռնությունը մտնում է երկրի 2021թ-ի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին օրինագծի մեջ, հայտնում է ТАСС գործակալությունը։
Շուտով այն, ինչպես սպասվում է, կքննարկի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը: Ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից Նախաձեռնության հաստատման դեպքում այն կստորագրի երկրի նախագահը։ Ի դեպ, Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփն ավելի վաղ քննադատության էր ենթարկել այդ փաստաթղթի մի շարք կետեր և խոստացել էր վետո դնել օրինագծի վրա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային C-400 համալիրներ մատակարարելու վերաբերյալ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է Ռուսաստանից ձեռք բերել այդ համակարգերը։ Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք է ստացել ԱՄՆ-ում և, ընդհանրապես, Հյուսիսատլանտյան դաշինքում։