ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական սահմանազատումն արված չէ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Այս պահի դրությամբ Սյունիքի սահմանի ամբողջ երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում սպասվելիք բանակցությունների համար, որն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ։
«Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար, և այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ»,- ասաց փոխվաչապետը և հավաստիացրեց, որ Հայաստանի սահմանից որևէ տարածք Ադրբեջանին զիջված չէ և չի կարող լինել։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ ՀՀ սահմանին զինված ուժերի վերջնական տեղակայումը տեղի է ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում։
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Եռակողմ հայտարարությամբ դեռ հստակեցված չեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջևս սահմանները։