Երբ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, համացանցում սկսեց տարածվել հին տեսանյութ, որտեղ Անդրանիկ Մարգարյանը ասում էր. «Գետաշենը ծախեց Վազգեն Մանուկյանը»:
Այսօր մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով այդ թեմային՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Գետաշենի օպերացիան, նայեք, թե ինչումն է բանը: Նախ մարդիկ չեն իմանում, որ մենք այն ժամանակ ԽՍՀՄ-ում էինք, անկախ պետություն չէինք: Գորբաչովը ուշացումով հասկացավ, որ մի մեծ շարժում է սկսվել ԽՍՀՄ-ում, որը կարող է կործանել երկիրը, և նա սկսեց պատժել տարբեր ժողովուրդների: Թիֆլիսում եղան հայտնի դեպքեր, հետո՝ Վիլնյուսում, բայց արդեն ուշ էր, ինքը պահը կորցրեց: Հայերի դեմ ուղղված էր այդ «կոլցո» օպերացիան: Խորհրդային միության բանակը այդպիսի պատժիչ օպերացիա ձեռնարկեց, մենք դրան դիմադրեցինք, բայց մենք պատերազմ չհայտարարեցինք ԽՍՀՄ բանակին, կներեք, որովհետև նույնիսկ Ֆաշիստական Գերմանիան չկարողացավ հաղթել սովետական բանակին»: