ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց, որ իշխանություններն արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ քաղաքական խորհրդակցությունների շարք կսկսեն:
Իշխող կուսակցության ներկայացուցչի պնդմամբ՝ ՀՀ-ում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տարիներ շարունակ կեղծել են այդ ընտրությունները։
«Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տալիս ու ասում՝ պատրաստ չեն արտահերթ ընտրությունների, չեն ուզում արտահերթ ընտրություններ: Իսկ ո՞վ ասաց, որ նրա ասածը ճիշտ է, որ նա պետք է որոշի՝ ժողովուրդն ուզո՞ւմ է ընտրություն, թե՞ ոչ: Կարող է Էդմոն Մարուքյա՞նն է որոշում։ Նա մարդ է, որը ո՛չ կուսակցություն ունի, ո՛չ վարկանիշ ունի, որի հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Դաշնակցությունը»,- նկատեց Սիմոնյանը։
Սիմոնյանն անդրադարձավ երեկ տարածված տեսանյութին, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող անձը մեքենայից զենք էր ուղղել։
«Խուճապի մեջ են այն մարդիկ, որոնք մտածում են, որ դա խուճապ է։ Ազգային ժողովի նախագահին փորձել են սպանել ընդամենը օրեր առաջ, ինչպես նաև գնացել մտել են կառավարության շենք և վարչապետի տուն։ Այսինքն՝ դուք համարում եք, որ անհանգստանալու որևէ բան չկա՞»,- հարցրեց ԱԺ փոխնախագահը։
Նա նկատեց, որ 16 կուսակցությունների անդամներն էլ են թիկնապահներով շրջում և թվարկեց նրանց անունները։
«Պարոն Վանեցյանը 6 թիկնապահով է միտինգի գալիս, ինչո՞ւ իրենից չեք հարցնում։ Մենք խոսում ենք փաստացի երկրի ղեկավարի մասին, որը պատերազմական դրության մեջ է գտնվում»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածված տեսանյութերի կադրերից երևում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող անձը մեքենայից զենք էր դուրս ուղղել։ Այս տեսանյութը իշխանություններին քննադատելու հերթական առիթը դարձավ։