«Իրավիճակը տարածաշրջանում բավական բարդ է: Շատ ջանքեր էին ներդրվում՝ Ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղան վերադարձնելու, ենթակառուցվածքները վերականգնելու, փախստականների վերադարձի գործընթացներն սկսելու, այս տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը կարգավորելու պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համար:
Սա ծայրաստիճան քրտնաջան աշխատանք է, և մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Մեծ ջանքեր են ծախսվել, և հիշենք, որ շատ կյանքեր են տրվել: Եվ ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է խաչ քաշի այդ ամենի վրա»:
Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստատեսության թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունը, թե Զանգեզուրը, Սևանը և Երևանը Ադրբեջանի պատմական հողերն են:
Հիշեցնենք, որ Ալիևն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ելույթ ունենալով Բաքվում անցկացված զորահանդեսում, ասել էր, որ Զանգեզուրը, Երևանը և Սևանը Ադրբեջանի պատմական հողերն են: