Երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Ռուսաստանը համարում է ամենահեռանկարային ուղղությունը: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի շուրջ:
«Այդ նպատակների համար ռուս մասնագետների մասնակցությամբ, արդեն իրականացվել է Նախիջևանի սահմանամերձ շրջանների առաջնային հետազոտություն»,- ասաց Զախարովան:
«Տնտեսական կապերի ապաշրջափակումը, նոր հաղորդակցությունների կառուցումը երկար գործընթաց է, անհրաժեշտ է դրանում ներգրավել շատ մասնագիտացված կառույցների: Այս դեպքում հիմնական հարցերը կլուծվեն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք, որքան մեզ հայտնի է, հատուկ մեխանիզմներ են ձևավորել հետհակամարտային փուլում ծագող խնդիրներին արձագանքելու համար»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերով, նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարի մասին: Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: