Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմին՝ կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել իրավիճակից դուրս գալու ելքերին և լուծումներին:
Խոսելով առկա ճգնաժամային իրավիճակի և պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստների մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ որպես ժողովուրդ և պետություն մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով, ձեռք ձեռքի տված ոտքի կանգնելը:
Սարգսյանն ընդգծել է համակարգային լուծումների, ինստիտուտների կարևորությունը՝ նկատելով, որ առանձին անհատներ ի զորու չեն միայնակ հաղթահարել այս դժվարությունները. «Փրկիչներ չկան: Մենք պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր: Մենք պետք է հետևողական ու տքնաջան աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտները: Դրա համար մենք առաջին հերթին պետք է ընդունենք, որ ունենք խորը ճգնաժամ, ընդ որում, ոչ թե մեկը, այլ՝ մի քանիսը: Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, ֆեյքերով միմյանց վրա ցեխ շպրտելուց: Մենք, ի վերջո, դառն իրողությունն ընդունելու խիզախություն պետք է ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու արդյունավետ քայլերով առաջ շարժվենք»,- ասել է Սարգսյանը։