Այսօր ոստիկանության մի քանի ծառայողներ աշխատանքից ազատվելու զեկուցագրեր են ներկայացրել՝ այդ մասին տեղեկացնելով Facebook-յան իրենց էջերում:
«Այսօր մեր երկիրը բաժանված է երկու տարբեր ճակատների, որոնցից յուրաքանչյուրը վստահ է իր դիրքորոշման մեջ և պատրաստ է իր գաղափարի համար պայքարել մինչև վերջ։ Այդ պայքարն, իմ անձնական կարծիքով, կարող է, և սպառնում է երկրի ներքին և արտաքին անվտանգությանը, ուստի իմ կոչն է և իմ բոլոր ծառայակից ընկերներիս և բոլոր հայրենակիցներիս, թույլ չտալ իրադարձությունների նմանատիպ զարգացմանը, իսկ ստեղծված իրավիճակը լուծել բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, այլ ոչ թե որևէ մեկի էմոցիոնալ և ոչ սթափ որոշումներով»,-այս մասին հայտարարել է Ոստիկանության ավագ լեյտենանտ Վանիկ Պարույրյանը։
Նա նշել է, որ իր կամքով աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել` հույս ունենալով, որ իր խոսքը կդառնա լսելի ու հասկանալի բոլորին։
«Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ստիպված եմ դադարեցնել ծառայությունս Ոստիկանությունում»,-նշել է Ոստիկանության մայոր, Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Դերո Ուզունյան։ «Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին: Սա հիրավի ծանր որոշում էր, ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության, վստահ եմ՝ փոքր-ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս ։ Աստված պահապան մեր Հայրենիքին»,-նշել է նա։
Ոստիկանության կապիտան Վան Գրիգորյանն էլ հայտարարել է, որ այս օրհասական պահին կրկին ամենայն հարգանքով դիմում է իրավապահ կառույցներին հորդորելով չծառայել «այս այլասեռված,անգրագետ,դավաճան իշխանություններին,ովքեր երկիրը տանում են կործանման վտանգելով մեր երեխաների ապագան։ Պետք է անհապաղ միանալ ժողովրդին»։
Նշենք, որ այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալիս տարբեր համայնքների համայնքապետեր, ավագանիներ և կազմակերպություններ։