Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցեների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, ըստ որի՝ Թուրքիան ցանկանում է միջպետական համագործակցության նպատակով Հարավային Կովկասում «վեց երկրների հարթակ» ստեղծել:
«Եթե Հայաստանի շահերից բխում է ինչ-որ պլատֆորմի հետ համագործակցել, ապա պետք է համգործակցել, եթե ոչ՝ ապա ոչ։ Եթե անհրաժեշտություն լինի, կքննարկենք»,- ասաց պատգամավորը:
Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանը երկար տարիներ մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքներին, որի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն ինքն է։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Հարավային Կովկասում միջպետական համագործակցության նպատակով կարելի է ստեղծել «վեց երկրների հարթակ»:
Էրդողանը նշել էր, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել են վեց երկրների հարթակի ստեղծման հավանականությունը, որում կընդգրկվեն Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, և, ցանկության դեպքում, նաև Հայաստանը: Ըստ Էրդողանի՝ դա կլիներ տարածաշրջանի զարգացման համար լավ գործակցություն: