Դեկտեմբերի 10-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին։
Նա հայտարարել է, որ երկիրն այս պահին գտնվում է անդունդի եզրին ու, եթե չլինեն փոփոխություններ, ապա կարժանանանք այն ճակատագրին, ինչին Արցախն արժանացավ։
Այն, որ 16 կուսակցությունների հանրահավաքները սպասվածից ավելի սակավամարդ են, Գագիկ Ծառուկյանը կապում է նրա հետ, որ մարդիկ իրենց զավակներին, ամուսիններին, տունն ու տեղն են կորցրել և դուրս չեն գալիս՝ լինելով սգի մեջ։
Իսկ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը Ծառուկյանն ընդունել է, քանի որ նրան փորձառու մարդ է համարում։ Ըստ Ծառուկյանի՝ մարդը, որը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը, եղել է ՀՀ առաջին վարչապետը, պաշտպանության նախարար, ունի ճգնաժամային իրավիճակում կողմնորոշվելու ու ելքեր գտնելու կարողություն։
Իրեն ամեն հանրահավաքից առաջ հետևողականորեն ԱԱԾ կամ ՀՔԾ հրավիրելը Ծառուկյանը կապում է իր հրապարակային ելույթներից այս իշխանությունների վախի հետ։ Նա գտնում է, որ հենց նրանք են ձախողել մեր երկրի ու Արցախի անվտանգությունը, սխալ ու կեղծ քաղաքականություն են վարել։ ԲՀԿ առաջնորդը նաև նշեց, որ ինքն ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ հիմա համոզված է, որ տնտեսապես մեր երկիրն անելանելի վիճակում է։
«Ինձ և ժողովրդի մեծամասնության համար տարօրինակ էր Շուշիի հանձնումը, երբ կարելի էր ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրել մի փաստաթուղթ, որի համաձայն Շուշին կլիներ Արցախի տիրույթում։ Դրանք հարցեր են, որոնք պետք է տալ վարչապետին, վարչապետից էլ ստանալ պատասխաններ»,- Շուշիի անկումն իր անձի հետ կապելու վարչապետի հայտարարությունն այսպես մեկնաբանեց Ծառուկյանը։
Նա ասաց, որ իշխանությունների գործելաոճը կամ նրանց չիմացության, կամ պայմանավորված պարտության գնալու նշան է։
Ծառուկյանը համոզված է, որ կառավարությունը պետք է ի դեմս վարչապետի՝ անմիջապես հրաժարական տա։
«Աշխարհում չկա մի դեպք, երբ կապիտուլացված երկրի ղեկավարը փորձի մնալ իշխանության»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։